McLaren F1-ի նոր սերունդը 1000 ձիաուժ շարժիչ կունենա և 2,5 վայրկյանում 100 կմ/ժ արագություն կհավաքի (լուսանկարներ)
Երկտեղանի հիպերմեքենան, որը կոչված է շարունակելու 1990-ականներին ստեղծված McLaren F1-ի գործը, հունիսի 19-ին առաջին անգամ կցուցադրվի սահմանափակ թվով մարդկանց Կալիֆորնիայի Փեբլ-Բիչի «Պերճաշքության մրցույթի» շրջանակում: Մեքենան դեռ հայտնի է P12 անվանմամբ, սակայն վերջնական անվանումը բրիտանացիք ավելի ուշ կորոշեն, հաղորդում է Drive.ru-ն:
Ընկերության աղբյուրները հաղորդել են, որ Մաքլարենի մասնագետները արդեն ամբողջությամբ պատրաստել են մեքենայի 2 օրինակ, և նորույթի դեբյուտը, ամենայն հավանականությամբ տեղի կունենա աշնանը` Փարիզում:
Մեքենայի արտաքինի վերաբերյալ պատկերացում կարելի է կազմել առայժմ միայն լրտեսական լուսանկարների հիման վրա, սակայն դրանցում երևում է միայն լավ քողարկված մեքենան:
Սակայն հայտնի է, որ մեքենայի ուժային ագրեգատի առավելագույն հզորությունը հասնում է 1000 ձիաուժի: Դրանից 800-ը ստացվում է կոմպրեսորային 8 գլանային 3,8լ ծավալով շարժիչից և ևս 200 ձիաուժ ապահովում է էներգիայի վերաստացման KERS համակարգը, որը սերվում է «Ֆորմուլա-1»-ում լայնորեն կիրառվող համանման տեխնոլոգիայից:
Հաշվի առնելով համեմատաբար ցածր քաշը, իսկ նորույթում լայնորեն կիրառված են ածխածնի մանրաթելեր, տիտան և մագնեզիում, նման համալրմամբ P12-ը կկարողանա 0-100կմ/ժ արագության հասնել 2,5 վայրկյանից քիչ ժամանակում:
Եթե փորձագետների այս կանխատեսումները իրականանան, ապա բրիտանական հիպերմեքենան աշխարհի ամենդինամիկ սերիական ճանապարհային ավտոմեքենան կլինի:
Ով կկարողանա P12-ին մարտահրավեր նետել առաջիկայում: Այս տարեվերջին կամ 2013-ի սկզբին սպասվում է Ferrari Enzo-ի հետնորդի դեբյուտը, որը համալրված կլինի հիբրիդային 920 ձիաուժ գումարային հղորությամբ ագրեգատներով, իսկ քիչ ավելի ուշ կթողարկվի Bugatti Veyron-ի նոր սերունդը, որը նույն W16 շարժիչից 1200 ձիաուժ կարտադրի: Նոր Veyron-ը նախորդից ավելի աերոդինամիկ և թեթև կլինի, ինչը նշանակում է ավելի խելահեղ արագացում:









