Սիրիայի նախագահի տապալումը ժամանակի հարց է. Ռոբերտ Մուդ
Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության արդեն նախկին ղեկավար Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ Բաշար ալ Ասադի իշխանության տապալումը ընդամենը ժամանակի հարց է, տեղեկացնում է BBC-ն:
Գեներալ Մուդն, ով անցյալ շաբաթ լքել է Սիրիան, կարծում է, որ Ասադի իշխանության տապալումը հնարավոր է չդադարեցնի արդեն 16 ամիս շարունակվող կոնֆլիկտը:
«Ինձ թվում է՝ դա ժամանակի հարց է, և ժողովրդի դեմ ռազմական ուժ կիրառած ռեժիմն անկասկած կտապալվի»,-ասել է նա:
Սիրիական կառավարական զորքերը շրջափակել են երկրի՝ բնակչությամբ ամենամեծ քաղաք Հալեպը: ԱՄՆ-ը զգուշացրել է, որ Սիրիայի կառավարական զորքերը պատրաստվում են լայնածավալ մարտեր սկսել հենց քաղաքում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նավի Պիլայը կողմերին կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն իր հերթին հայտարարել է, որ Հալեպի բնակչությունը մահացու վտանգի մեջ է:
«Հակամարտության այդ անընդունելի զարգացումը կարող է բերել խաղաղ բնակչության շրջանում հսկայական կորուստների և հումանիտար աղետի»,-ասել է նա:









