ԼՂՀ նախագահն ընդունել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի հաղորդագրության՝ Բակո Սահակյան Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների միջև կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումը համարել է օգտակար երկու հայկական հանրապետությունների համար և կարևոր ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Այս համատեքստում ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ նրա համագործակցությունը Մարտակերտի շրջանի հետ նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Քննարկվել են նաև երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիկոպոս Չուլջյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, «Բեյզ Մեթըլս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք:









