Նոր Խարբերդում 2 ամիս է 20-ից ավել ընտանիք ջուր չունի, ասում են բնակիչները
Նոր Խարբերդ գյուղի բնակիչները ահազանգում են, որ արդեն երկու ամիս է 20-ից ավելի ընտանիք զրկված է ջրամատակարարումից:
Գյուղի բնակիչ Սեդա Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ոք չի կարողանում գյուղում ջրամատակարարման խնդիրը լուծել:
«Մոտավորապես, 2 ամիս է ջուր չունենք, չենք էլ իմանում պատճառը ո՞րն է, ոչ ոք ոչինչ չի կարողանում անել»,- ասաց Սեդա Մինասյանը, նշելով որ ջրազրկված են ավելի քան 20 տուն:
Tert.am-ը՝ խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով, հեռախոսազրույց ունեցավ Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանի հետ, ով չհերքեց լուրը, սակայն տեղեկացրեց, թե արդեն իսկ իրեն խոստացվել են, որ «Երևան ջուր» ընկերությունը երկուշաբթի օրը աշխատանքներ է իրականացնելու:
«Նախ ասեմ, որ ամառային այս շոգից է, որ այդ տներին ջուր չի հասնում, բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, այս անգամ խոսք են տվել, որ կօգնեն, կգան և կավելացնեն ջրի ճնշումը: Երկուշաբթի օրը գալու են: Իրոք, խնդիրը շատ լուրջ է, բնակիչները ջուր չունեն, իսկ ամռանը դա շատ դժվար է»,- ասաց գյուղապետ Կամո Կակոյանը:
Նշենք նաև, որ Նոր Խարբերդ գյուղը մտնում է Արարատի մարզի վարչական տարածքի մեջ, սակայն գյուղի ջրամատակարարումը իրականացնում է Երևան Ջուր ընկերությունը, որից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց:









