Տիգրան Մարտիրոսյանը վերադառնում է Հայաստան

13:56 • 28.07.12

Գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը վաղը վերադառնում է Հայաստան: Մերձմոսկովյան Պոդոլսկում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ ստացած մեջքի վնասվածքի պատճառով հայ ծանրորդը չի մասնակցի Լոնդոնում մեկնարկած ամառային Օլիմպիական խաղերին:

 

Տիգրան Մարտիրոսյանին մոտ կանգնած աղբյուրներից armsport.am-ը տեղեկացավ, որ Պոդոլսկում ընթացող հավաքի ժամանակ 77կգ քաշային մարզիկը բավական բարձր կիլոգրամներ է բարձրացրել ու պատրաստվել է համաշխարահին նոր ռեկորդի: Ցավոք, մարզումներից մեկի ժամանակ Տիգրան մեջքի բավական լուրջ վնասվածք է ստացել: Բժիշկները սկզբում փորձել են վերականգնել մարզիկին, սակայն հասկացել են, որ կարճ ժամանակում դա հնարավոր չէ:

 

«Տիգրանը մեջքի հետ խնդիրներ վաղուց ուներ: Նրա մեջքը մի փոքր թեքված է ու հրում վարժությունների ժամանակ նա մի փոքր տատանվում է, նոր բարձրացնում ծանրաձողը»,-նշեց Տիգրանի մերձավորներից մեկը` չցանկանալով, որ հրապարակվի իր անունը:

 

2010թ. Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` դառնալով անկախացած Հայաստանի առաջին հայ ծանրորդը, ով ոսկե մեդալ է նվաճում տղամարդկանց աշխարհի առաջնությունում:

 

2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը համարվում էր ոսկե մեդալի հավակնորդ: