Տիգրան Սարգսյանն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ընկերություն (լուսանկարներ)

13:23 • 28.07.12

Լուսանկարները՝  Armenpress Photo-ի

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։


Ըստ Կառավարության կայքի՝ վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ:


«Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկան շահագործման է հանձնվել 1969թ. և արտադրանքի որակն ու մրցունակությունը պահպանելու համար արդեն արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելու կարիք է զգացվում։


Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատ»-ը համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման և բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած SEP շվեյցարական առաջատար ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման նախագիծ։

 

«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառով ընկերությունը համագործակցություն է սկսել նաև ստորգետնյա հորերի ինժեներա-երկրաբանական նախագծային հեղինակավոր գերմանական DEEP ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության համար հումք հանդիսացող աղաջրի արտադրության և մաքրման նախագիծ։

 

Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։