ՄԱԿ-ը ԱՄՆ-ին մեղադրում է զենքի վաճառքի պայմանագրի բանակցությունները տապալելու մեջ

12:30 • 28.07.12

ՄԱԿ-ի համաժողովում չի հաջողվել համաձայնեցնել Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի տեքստը, որով պետք է հսկողության տակ առնվի սովորական սպառազինությունների տարբեր տեսակների ներկրումն ու արտահանումը, հայտնում է Associated Press գործակալությունը:


Պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները տապալելու համար ՄԱԿ–ի մի քանի դիվանագետներ մեղադրել են Միացյալ Նահանգներին, որի ներկայացուցիչը հայտարարել է, թե ժամանակ է հարկավոր տեքստն ուսումնասիրելու համար:


Գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ Վաշինգտոնը «տապալել է գործընթացը», իսկ այս հարցում մինչև նոյեմբեր առաջընթացի սպասել պետք չէ, քանի որ ԱՄՆ-ում առջևում նախագահական ընտրություններ են:


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն էլ կատարվածն անվանել է Սպիտակ տան կողմից դրսևորված «ցնցող փոքրոգություն»: ԱՄՆ-ի ներկայացուցիչը համաժողովի վերջում հրաժարվել է մեկնաբանություններ տալ լրագրողներին:


ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես լրացուցիչ ժամանակ են խնդրել տեքստի ուսումնասիրության համար: Արդյունքում` տեքստը ստորագրել է 90 պետություն, այդ թվում` Եվրամիության, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի ու Կարիբյան ավազանի բոլոր երկրները:


Սակայն պայմանագրի գործողության համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ բոլոր` 193 երկրների հավանությունը:


Զենքի արտահանման հսկողություն սահմանված է աշխարհի շատ երկրներում, հիշեցնում է գործակալությունը, սակայն միասնական միջազգային պայմանագիր երբևէ գոյություն չի ունեցել:


Նման պայմանագրի անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարվել էր 2006թ.-ին:
Ենթադրվում է, որ պայմանագրի ճակատագիրը կորոշվի ՄԱԿ-ի ԳՎ հերթական նիստում, որը կմեկնարկի սեպտեմբերին: