Երկու մերսեդեսներ բախվել են իրար և հայտնվել ավտոլվացման կետի տարածքում. կա վիրավոր. (լուսանկարներ)

00:29 • 29.07.12

Երեկ` հուլիսի 28-ին, խոշոր ավտովթրա է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22.00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի կամուրջի հարևանությամբ իրար են բախվել «Մերսեդես G-550» մակնիշի և «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երկու մերսեդեսներն էլ հայտնվել են նշված հատվածում գործող ավտոլվացման կետի տարածքում` կոտրելով երկաթյա դուռը:


Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները, «Մերսեդես G-550»-ի վրայից հանել էին համարանիշները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ համարանիշները եղել են 55 AV 555, իսկ «Մերսեդես E-320» համարանիշներն են 28 ԼՏ 228:


Վթարի վայրում հավաքվել էին մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, և առաջացել էր հսկայական խցանում, ինչի համար դեպքի վայր ժամանեցին Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Առաքելյանի գլխավորությամբ:


Դեպքի վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:


Քննիչի հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվելու են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:


Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` պարզելու համար վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

 

 

Photo