Բահրեյնի հարբած արքայազնը ծեծկռտուք է սարքել Լոնդոնի օդանավակայանում

12:49 • 29.07.12

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ծեծկռտուք է տեղի ունեցել Բահրեյնի արքայազն, թագավոր Համադ բեն Իսա ալ- Հալիֆայի ազգականի (անունը չի հրապարակվում) ու British Airways-ի օդաչուի միջև, գրում է The Sun-ը` վկայակոչելով ականատեսների: Ծեծկռտուքը տեղի է ունեցել ավիաընկերությանը պատկանող BA125 օդանավում, որը պետք է թռչեր Բահրեյն:

 

Հաղորդվում է, որ 28-ամյա արքայազնը եղել է հարբած վիճակում: Նա բարձրաձայն սկսել է իր դժգոհությունը հայտնել ուղևորների սպասարկման մակարդակից ու փորձել մուտք գործել օդաչուների խցիկ` բացատրելու համար նրանց, թե ինչպես է պետք կազմակերպել անձնակազմի աշխատանքը: Տղամարդուն հանգստացնել կարողացել են միայն ոստիկանները, որոնք սպառնացել են իրենց չենթարկվելու դեպքում էլեկտրաշոկեր կիրառել:

Արդյունքում` նա տեղափոխվել է օդանավակայանի ոստիկանական տեղամաս, որտեղ նրանից վերցվել են մատնահետքեր, ԴՆԹ նմուշներ, լուսանկարել նրան` արխիվի համար, ինչից հետո անկարգ արքայազնը գրավի դիմաց ազատ է արձակվել: