Հալեպի համար պայքարն ընդգծում է միջազգային հանրության միավորվելու անհրաժեշտությունը. Անան

11:51 • 29.07.12

Սիրիական Հալեպ քաղաքի համար պայքարը հերթական անգամ ընդգծում է համաշխարհային գերտերությունների ջանքերի միավորման անհրաժեշտությունը` ուղղված Սիրիայում իրավիճակի արագ կարգավորմանը: Այս մասին անցած գիշեր, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը:

«Հալեպում ու դրա մոտակայքում զորքի տեղակայումը ևս մեկ վկայությունն է նրա, որ միջազգային հանրությունը պետք է միավորվի` հակամարտող կողմերին համոզելու համար, որ միայն իշխանության քաղաքական փոխանցումը կհանգեցնի խնդրի կարգավորմանը, կլուծի ճգնաժամն ու խաղաղություն կբերի սիրիացի ժողովրդին»,- հայտարարել է Անանը:


Վերջին օրերին Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպի համար ճակատամարտը և’ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի, և’ ընդդիմության կողմից դիտարկվում է որպես որոշիչ քայլ երկրի ճակատագրի համար: Հալեպը իշխանության հակառակորդներից «մաքրելը» կհանգեցնի նրան, որ բոլոր խոշոր քաղաքները կգտնվեն կառավարության հսկողության ներքո: Իսկ ընդդիմությունն էլ, իր հերթին, ծրագրում է հաղթանակի դեպքում իր հսկողության տակ առնել ոչ միայն Հալեպը, այլ նաև դրանից դեպի արևմուտք գտնվող Իդլիբ քաղաքը: Դա թույլ կտա Թուրքիայի հետ սահմանին «անվտանգության գոտի» ստեղծել, որը կարող է օգտագործվել որպես պլացդարմ Ասադի ռեժիմի դեմ հետագա պայքարի համար:

 

Հիշեցնենք, որ երեկ սիրիական կառավարական զորքը Հալեպում տեղակայված ընդդիմադիրներին վերացնելուն ուղղված զանգվածային գործողություն է սկսել: Ինքնաթիռների, ռազմական ուղղաթիռների և տանկերի միջոցով ռմբակոծության են ենթարկվել քաղաքի հարավային շրջանները: Շաբաթ երեկոյան, ըստ «Ֆրանս պրես» գործակալության, մարտերը դադարել են: