Հալեպում մարտական գործողությունները վերսկսվել են
Մի քանի ժամ տևած ընդմիջումից հետո, Սիրիայի հյուսիսում` Հալեպում ու դրա մոտակայքում, մարտական գործողությունները վերսկսվել են, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Կառավարական զորքը հետապնդում է ապստամբներին քաղաքի Բեբ-էլ-Ջեդիդ, Զահրա և Արքուբ թաղամասերում: Ուղղաթիռները պարեկային ծառայություն են իրականացնում Սալահեդին ու Սախուր թաղամասերում, որոնք, ըստ լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքի, շրջափակված են ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) մարտիկներով:
Սիրիական ազգային խորհրդի առաջնորդ Աբդել Բասետ Սեիդն Աբու Դաբիում ելույթի ժամանակ կոչ է արել «սիրիացի ժողովրդի բարեկամներին» զենք մատակարարել ապստամբներին, որպեսզի նրանք կարողանան «դիմադրել ուղղաթիռներին ու տանկերին»:
Նրա խոսքով` Սիրիական ազատ բանակը «վատ է զինված», այդ իսկ պատճառով «չի կարողանում հասնել որակական փոփոխության»:
Լիբանանյան «Ալ Մանար»-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտնել է թուրք-սիրիական սահմանից 100 կմ հեռավորության վրա տեղակայված գրոհայիններ պատրաստող գաղտնի բազայի գոյության մասին: Բազայում թուրք և կատարցի մասնագետները պատրաստում են ՍԱԲ-ի անդամների ու վարձակալների, որոնք պետք է պատերազմեն Ասադի ռեժիմի դեմ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ի գիշերը ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ սիրիական Հալեպ քաղաքի համար պայքարը հերթական անգամ ընդգծում է համաշխարհային գերտերությունների ջանքերի միավորման անհրաժեշտությունը` ուղղված Սիրիայում իրավիճակի արագ կարգավորմանը:
Երեկ սիրիական կառավարական զորքը Հալեպում տեղակայված ընդդիմադիրներին վերացնելուն ուղղված զանգվածային գործողություններ էր սկսել: Կառավարական զորքն ինքնաթիռների, ռազմական ուղղաթիռների և տանկերի միջոցով ռմբակոծության էր ենթարկել քաղաքի հարավային շրջանները: Շաբաթ երեկոյան, ըստ «Ֆրանս պրես» գործակալության, մարտերը դադարել էին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մեկ օրվա ընթացքում Հալեպում զոհվել է 34 մարդ, այդ թվում` 12 զինվոր ու 8 գրոհային:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը Հորդանանում նոր ճամբար է բացել սիրիացի փախստականների համար: ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով` արդեն Հորդանան է այցելել 150.000 փախստական: Ճամբարը գտնվում է սահմանամերձ Զաաթարի քաղաքի մոտակայքում:









