Բեյրութում իրենց սովորեցնում ենք հայ լինել. Լիբանանի «Արին» պարախմբի գեղարվեստական ղեկավար
Լիբանանում կազմավորված «Արին» պարային խումբը առաջին անգամ է Հայաստանում: Պարային այս խումբը մի շարք համերգ ունեցավ Հայաստանում, իսկ հուլիսի 27–ին համերգաշարը եզրափակեց գալահամերգով:
Խմբի գեղարվեստական ղեկավար Գայանե Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին՝ ամենամեծ համերգը բաղկացած էր 12 առանձին համարներից և «Պարերգահանդես» տեսարանից:
«Այդ տեսարանում ներկայացնում էինք հայկական քեֆ, իսկ 12 համարների մեջ ունեինք հայկական, արաբական, գնչուական, հունական, ժամանակից և այլ պարեր: Տպավորությունները շատ բուռն են, գոնե երեխաների համար, քանի որ նրանք ամիսներ շարունակ պատրաստվել են այս շրջագայությանը: Մենք Բեյրությում իրենց սովորեցնում ենք հայ լինել, հայկական երաժշտություն ու պար իմանալ, բայց որ գալիս, հասնում են Հայաստան, այդ ամեն ինչը, որը հեքիաթային էր թվում, հանկարծ դառնում է իրականություն»,- ասաց Գայանե Մածունյանը:
Պարախմբի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ «Արին» խումբը Լիբանանում բաղկացած է 110 անդամից, սակայն Հայաստանում է մոտ 50 հոգի՝ 12-ից մինչև 27 տարեկան:
Անդրադառնալով օտար երկրում հայապահպանության հարցին, Գայանեն նշեց, որ Լիբանանում հատկապես վերջին տարիներին կան շատ հայ ընտանիքներ, որ իրենց երեխաներին ուղարկում են օտար դպրոցներ՝ խուսափելով հայերենի ու հայոց պատմության ծանրաբեռնված դասերից: Նման պարագայում, ըստ նրա, բացը լրացնում են հայկական միությունները:
«Լիբանանում կան միություններ, որոնք հիմնականում պատկանում են երեք դասական կուսակցությունների և ամեն մեկում գործում է իր մշակութային թևը: Դրանցից յուրաքանչյուրն ունի մի նպատակ՝ հայապահանություն: Այնտեղ երեխաները հիմնականում գալիս են հայ ընկերներ ունենալու համար, հայերեն խոսելու համար, որովհետև օտար դպրոց հաճախող երեխաները հիմանակնում իրենց ընկերների հետ շփվում են արաբերենով: Այս խմբերը մեծ հնարավորություն են տալիս այս երեխաներին ծանոթանալու հայկական երաժշտությանը, պարերին, մշակույթին և այս ամնեի միջոցով իրենց հայ լինելը ավելի ծանրակշիռ դարձնել»,- ասաց պարուսույցը:
Նա միաժամանակ մատնանշեց հայապահպանության խնդրում առկա բոլոր դժվարությունները, դրանցից առանձնացնելով՝ գլոբալիզացիան և արդիականացումը:
«Երեխաների մոտ արագ են կատարվում փոփոխությունները, մեր հսկակայական պատմությունը իրենց շատ հաճախ ժամանակավրեպ է թվում և իրենք չեն կարողանում նույնանալ ու դժվար են հասկանում այդ ամենը: Հայաստանի հետ անմիջական կապ պահպանելը, Հայաստանում գտնվել ավելի իրական է դարձնում լսածը»,- ասաց նա և ավելացրեց, այսօր ինտերնետային աշխարհի, խաղերի, ինչ-որ նոր սարքավորումների կողքին դժվար է խոսել Կոմիտասի մասին:
Թեև այս մի քանի օրերի ընթացքում պարի խումբը հասցրել է լինել Հայաստանի տարբեր պատմական վայրերում, սակայն ըստ Գայանեի դա բավական չէ:
«Նրանք շփում չունեցան տեղացու հետ: Մենք եկանք խմբով, ամեն ինչ արեցինք խմբով ու հիմա հետ ենք գնալու: Կհուսանք, որ իրենց համար առաջին տպավորությունը գոնե առիթ կլինի, որ առանձին վերադառնան և պրպտեն հայրենիքում ամեն ինչ և հայրենիքի հետ կապը սրանով չավարտվի»,- ասաց նա:
Գայանե Մանուկյանը նշեց նաև, որ այսօր Բեյրութում կա 4 պարախումբ և ընդամենը 4 պարուսույց, որոնցից 3-ը Հայաստանից են, իսկ մեկը՝ ինքը` Լիբանանից: Նա ընդգծեց, որ Լիբանանում հայկական մշակույթի բոլոր ճյուղերում էլ մասնագետների պակաս է նկատվում:
«Մասնագետներ հիմնականում հրավիրվում են Հայաստանից: Նրանց մեջ կան մարդիկ, որքեր տարիներով մնում են մեզ մոտ ու հաջողությունների են հասնում, կան որ չեն դիմանում պայմաններին: Ունենք Հայաստանից ժամանած երաժիշտներ: Բայց մեր երեխաներից բոլոր երիտասարդները չեն, որ հայկական արվեստով են զբաղվում: Կինոարվեստ, գրաֆիկայով են զբաղվում և ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, քչերն են որ հայկականությամբ են զբաղվում»,- ասաց նա և նշեց, որ ամեն տեղ էլ ապրելու ու փողի խնդիր կա և մեծ մասը առաջին հերթին մտածում է դրա մասին:
Անդրադառնալով Լիբանանի հայկական գաղութին, նա նշեց, որ այն այսօր կազմված է մոտ 90 հազ. հայերից: Գործում են հայկական դպրոցներ, եկեղեցիներ և մի շարք կազմակերպություններ:










