Եվրոպա շրջագայության շրջանակում Ռոմնին այցելել է Իսրայել

14:10 • 29.07.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին Եվրոպա շրջագայության շրջանակներում այսօր այցելել է Իսրայել, հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես նշում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, Ռոմնին, ով համարվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վաղեմի ընկերը, «իսրայելամետ դիրքորոշում» ունի, ինչի համար կարժանանա ջերմ ընդունելության: Ըստ գործակալության` նա հանդիպումներ կունենա Իսրայելի նախագահի, ԱԳ և Պաշտպանության նախարարների, ընդդիմության առաջնորդների հետ, սակայն Պաղետինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպում չի լինի:


Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ նախագահի պաշտոնում Բարաք Օբաման չի այցելել Իսրայել, չնայած, որ դա արել է նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Ես Ռոմնիին կդիմավորեմ նույնպիսի ջերմությամբ, ինչպես ընդունել եմ դեռ այն ժամանակ սենատոր Բարաք Օբամային»,- ասել է Նեթանյահուն: