Ռումինիայում մեկնարկել է նախագահի իմպիչմենտի հանրաքվեն
Ռումինացիներն այսօր հանրաքվեի միջոցով կորոշեն նախագահ Տրայան Բեսեսկուի ճակատագիրը, հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով` նախագահին վստահության հանրաքվեին կարող է մասնակցել ավելի քան 18 մլն ընտրող: Քվեարկությանը կարող են մասնակցել նաև տարբեր երկրներում ռումինական սփյուռքի ներկայացուցիչները (ամենաշատ ռումինական համայնքներն ունեն Իսպանիան ու Իտալիան): Բացի այդ, երկրի սևծովյան ափերին նույնպես լրացուցիչ ընտրատեղամասեր են բացվել հանգստի մեկնածների համար:
Ռումինիայի խորհրդարանը նախագահին անվստահություն էր հայտնել հուլիսի 6-ին: Մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած «Սոցիալ-լիբերալ դաշինք»-ը նախագահինմեղադրել էր կառավարության գործերին միջամտելու, գործարարներին ու կոռուպցիան հովանավորելու ու այլ օրինազանցությունների մեջ: Խորհրդարանի որոշումը հաստատել էր երկրի Սահմանադրական դատարանը:
Հանրաքվեն կայացած կհամարվի միայն այն դեպքում, երբ ընտրողների մասնակցությունը գերազանցի 50%-ը:









