Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել 41-ամյա տղամարդու դին
Այսօր` հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11.30-ին Սևանա լճում` «Հանրային» լողափի մոտ, նկատվել է տղամարդու դի:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակներ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել մոտ 40 տարեկան տղամարդու դի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Չիլինգարյանն էր:
Ըստ դատաբժշկի` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել սրտի կաթվածից, սակայն վերջնական պատասխանը պետք է տա փորձաքննությունը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վաչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









