Գերմանիայի բարձրաստիճան ոստիկանները հեռացվել են պաշտոններից Մինսկի հետ կապերի պատճառով

11:03 • 29.07.12

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Հանս- Փեթեր Ֆրիդրիխը պաշտոնից ազատել է դաշնային ոստիկանության պետ Մաթիաս Զեգերին ու նրա երկու տեղակալներին: Ինչպես հայտնում է գերմանական Focus Online-ը, Զեգերին այս պաշտոնում կփոխարինի ՆԳՆ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Դիթեր Ռոմանը:

 

Der Tagesspiegel թերթի տվյալներով` կադրային փոփոխությունների պատճառը գերատեսչության ներքին կոնֆլիկտներն են, որոնց «հախից գալ» Զեգերին չի հաջողվել: Բացի այդ, հաղորդվում է նրա` բելառուսական իշխանական օղակների հետ կապերի հետևանքով առաջացած տարաձայնությունների մասին: Թե կոնկրետ ինչ տարաձայնությունների մասին է խոսքը, չի հաղորդվում:


Դաշնային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է լրատվամիջոցներին մեկնաբանություններ տալուց: Մաթիաս Զեգերը գերատեսչությունը ղեկավարել է 2008թ.-ի մարտից: