Երկու օրում շուրջ 200 հազար մարդ է լքել Հալեպը. բախումները քաղաքում շարունակվում են

09:32 • 30.07.12

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի շուրջ 200 հազար բնակիչ ստիպված է եղել լքել քաղաքն այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հուլիսի 28-ին սկսել են քաղաքը «մաքրել» զինյալ ընդդիմադիրներից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելության կազմակերպության ղեկավար Վալերի Ամոսը:


Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Ամոսն անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ կառավարական զորքերը Հալեպում տանկեր, հրետանի ու ծանր տեխնիկա են կիրառում: Նրա տվյալներով` բազմաթիվ բնակիչները ցանկանում են լքել ռազմական գործողությունների վայրերը, սակայն նման հնարավորություն չունեն: Բացի այդ` Հալեպում կա խմելու ջրի, ինչպես նաև հիգիենայի պարագաների պակաս:


Ականատեսները պնդում են, սակայն, որ հակառակ կառավարության ջանքերին, ապստամբներին ճնշել դեռևս չի հաջողվում:


Սիրիայի կառավարությունը Հալեպի համար պայքարը դիտարկում է որպես քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլ, սակայն ընդդիմության հրամանատարները խոստանում են Հալեպը «գերեզման դարձնել սիրիական բանակի համար»:


Հալեպը Սիրիայի խոշորագույն քաղաքն ու ֆինանսական կենտրոնն է` շուրջ 2.5 մլն բնակչությամբ: Վերջին օրերի մարտական գործողությունների ընթացքում զոհերի ու վիրավորների մասին  ստույգ տեղեկություններ դեռևս չկան:


Տեղեկություններ կան այն մասին, որ երեկ Հալեպի Սալահեդդին թաղամասում Սիրիական կառավարական զորքերից անջատվելով 4 տանկի անձնակազմ անցել է Սիրիական ազատ բանակի կողմը:


Երկրի արտգործնախարար Վալիդ Մուալիմը, սակայն, Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ իրենք հաղթելու են Հալեպում:


Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին միջազգային հանրությանը կոչ է արել զինել սիրիացի ապստամբներին:
Ազգային խորհրդի ղեկավար Աբդուլբասիթ Սեյդան Աբու Դաբիում հայտարարել է, որ իրենց տանկերի, ռազմական ինքնաթիռների դեմ արդյունավետ զենքեր են անհրաժեշտ:


Նա նաև պնդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին որևէ երկրում ապաստան տալու փոխարեն պետք է դատել` «իրականացրած սպանդի պատճառով»:


Սիրիայում շուրջ 18 ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում արդեն զոհվել է շուրջ 19 հազար մարդ: