Սիրիահայ աղջիկը «Արի տուն»–ի 6-րդ փուլի բացման ժամանակ բարձրացրեց սիրիահայերի խնդիրը
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մեկնարկի միջոցառման ժամանակ այսօր սիրիահայ մասնակիցները մեկը բարձրացրեց սիրիահայերի խնդիրը՝ նշելով, որ եթե ինքնաթիռի տոմսերը էժանան, ապա սիրիահայերից շատերը կարող են գալս Հայաստան։
«Սիրիայում վիճակը վատ է, մարդկանց գործը լավ չէ: Եթե տոմսերը էժանանան, շատ հայեր կկարողանան գալ Հայաստան»,-ասաց Լուսի անունով մի մասնակից և շնորհակալություն հայտնեց հայրենիքը ճանաչելու հնարավորություն ընձեռելու համար:
Դիտարկմանն ի պատասխան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, թե առաջիկայում մեծ թվով երեխաներ են գալու Հայաստան:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարությունում, մասնակցում էին շուրջ 160 պատանի և աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից:
Մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նշելով, որ արդեն 6-րդ անգամ հանդիպում է աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկած պատանիների հետ:
«Դուք կլինեք մի շարք պատմական վայրերում և երբ վերադառնաք ձեր ծննդավայր, փորձեք խոսել Հայաստանի մասին ու ներկայացնել այն ձեր ընկերներին, հասակակիցներին: Շնորհակալություն հայաստանյան ընտանիքներին, որ այսքան սիրով ընդունում են սփյուռքի մեր երեխաներին: Մենք անում ենք ամեն ինչ, որ այս տասը օրերը ձեզ համար անմոռաց դառնան»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը հորդորեց այս տասը օրերի ընթացքում ձեռք բերել ընկերներ ու բարեկամներ, ապա հույս հայտնեց, որ այդ բարեկամությունը կլինի հավերժ, իսկ հանդիպման վայրն ամեն տարի կլինի Հայաստանը:
Այսօր արիտունցիները կայցելեն Երևանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական՝ ծաղիկներ դնելու Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:
Արիտունցները 10 օր կապրեն հյուրընկալ ընտանիքներում, կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, հանդիպումներ կունենան պետական, արվեստի ու մշակութային գործիչների հետ, կմասնակցեն համերգների և այլ միջոցառումների:
Վերջին 4 օրը նրանք կանցկացնեն Աղավնաձորում, որտեղ նրանց համար կկազմակերպվի ճամբարային ծրագիր:









