Նախկին ոստիկանը բողոքում է իր հիվանդ աղջկա հետ և կրկին հացադուլ հայտարարում

12:32 • 30.07.12

ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր կրկին ՀՀ Ոստիկանության շենքի առաջ է, սակայն այս անգամ նա մենակ չէ:


Մխիթար Ալումյանն այստեղ է իր 10-ամյա հիվանդ աղջկա՝ Կարինեի և ավագ դստեր՝ Գայանեի հետ և կրկին հայտարարում է, որ հացադուլ է սկսում:


Հինգ անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի պահանջը նույնն է. նա ցանկանում է լուծել իր հավելավճարների և աշխատավարձի հարցը:


Ալումյանը պահանջում է Ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2,5 մլն դրամը: Նրան նաև նախագահականում խոստացել էին աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի, բուժօգնության հարցում, նաև ապահովել աշխատանքով:


Ընդամենը մեկ շաբաթ առաջ Մխիթար Ալումյանը կրկին ոստիկանության շենքի առաջ էր, որտեղ նրան ընդունել էր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը և խոստացել, որ մինչև ամսվա վերջ հարցը կլուծեն:


Այսօր նույնպես Մ. Ալումյանին ուղեկցեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարան, որից հետո Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ոչ թե ոստիկանապետի հետ է խոսել, այլ օգնականի:


«Ասեցին , որ հիմք չունենք այդ գումարները տալու և որ հատուկ քննչականից էլ են ասում, որ դուք չեք աշխատել»,-ասաց նա և նշեց, որ ինքն ունի բոլոր ապացույցները, որ աշխատել է և, բացի այդ, որպես հավելավճար իրեն արդեն հատկացրել են 1,9 մլն դրամ:


«Ասեցի եթե հիմք չունեմ, բա ինչո՞ւ այդ գումարը հանեցիք այն ժամանակ, տվեցիք, ինչի՞ հիման վրա»,-հարցրեց նա:
Նախկին ոստիկանը նաև նշեց, որ ոստիկանապետի հետ հանդիպում է պահանջել, ինչը մերժել են և նույնիսկ սպառնացել:

 

«Ասեցին, «քեզ կոնկրետ պահի, նենց չանես հետդ թարսվենք»»,-մանրամասնեց նա և ավելացրեց, որ, տեսնելով անիմաստ է իր բողոքը, դուրս է եկել շենքից:


Ինչ վերաբերում է աղջկա առողջական խնդիրների լուծմանն, ապա Մ. Ալումյանն ասաց, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հուլիսի 31-ին կրկին երեխային պետք է տանեն ստուգման, որի համար աջակցել են նախագահականից:

 

10-ամյա հաշմանդամ աղջկա վիրահատությունը, նրա խոսքով, կիրականացվի բուժում ստանալուց հետո։