Լիտվինը կշարունակի գլխավորել Գերագույն ռադան

12:30 • 30.07.12

Ուկրաինայի խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում հավանության չի արժանացրել Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի հրաժարականի մասին դիմումը, որը նա գրել էր ի նշան հուլիսի 3-ին ընդունված «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքի դեմ բողոքի: Սույն օրենքով առաջարկվում է երկրի 13 շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին:

 

Նրա հրաժարականին չի աջակցել 266 պատգամավոր: Բացի այդ, անցկացվել է բաց քվեարկություն, քանի որ Սահմանադրական դատարանը հուլիսի սկզբին հակասահմանադրական էր ճանաչել խորհրդարանի խոսնակի` փակ, գաղտնի քվեարկությամբ պաշտոնից ազատումը:

Հիշեցնենք, որ լեզվի մասին օրենքի ընդունումից հետո հրաժարական էր տվել նաև Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը ներկայացնող փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն: