Ռուսաստանում խմբակային բռնաբարություն իրականացրած հային հաջողվել է խուսափել պատժից
ՌԴ Նիժեգորոդսկի մարզի դատարանը Հայաստանի երկու քաղաքացու մեղավոր է ճանաչել խմբակային բռնաբարության մեջ, սակայն նրանցից մեկին` 37-ամյա Արտյոմ Եղիազարյանին, ազատել պատժից` հանցանքի վաղեմության ժամկետը լրանալու պատճառով: Այս մասին հայտնում է Newsru.com-ը` վկայակոչելով մարզի քննչական վարչության պաշտոնական կայքին:
Եղիազարյանի 33-ամյա մեղսակից Ստեփան Մարտիրոսյանը, սակայն, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում պատժի կրումով:
Գործի նյութերի համաձայն` 2000թ.-ի հուլիսի 4-ի գիշերը Մարտիրոսյանը, գտնվելով Կլին գյուղի տներից մեկում, ծեծի է ենթարկել իր 16-ամյա ծանոթուհուն, ապա բռնաբարել նրան:
2001թ.-ի լույս հուլիսի 6-ի գիշերը Մարտիրոսյանն ու Եղիազարյանը ներխուժել են Նիժնի Նովգորոդի Գագարինի փողոցի տներից մեկն ու ծեծի ենթարկել երիտասարդ մի կնոջ, այնուհետ հերթով բռնաբարել նրան:
Առաջին բռնաբարությունից հետո Մարտիրոսյանը այլ անձի փաստաթղթեր է օգտագործել` թաքնվելով այլ ազգանվան տակ: Խմբակային բռնաբարությունից հետո, նա վերադարձել է Հայաստան, իսկ Եղիազարյանը շարունակել բնակվել Նիժնի Նովգորոդում: Սակայն 2011-ի մայիսին Մարտիրոսյանը վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել: Ձերբակալման պահին նա այլ ազգանվամբ է հանդես եկել, սակայն նրա ինքնությունն ապացուցել են մատնահետքերը:
2011թ.-ի հոկտեմբերի 26-ին ոստիկանները ձերբակալել են նաև Եղիազարյանին:
Նշենք, որ հայերի նկատմամբ քրեական գործերը հարուցվել էին 2000 և 2001 թվականներին:









