Անչափահասների գործած հանցագործությունների թիվը նվազել է. Նելլի Դուրյան
Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ այս տարի նվազել են ոչ միայն անչափահասների կողմից հանցագործությունների թիվը, այլև հանցագործություն կատարած անչափահասների քանակը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Անչափահասների կողմից հանցագործությունների թիվը նվազել է: Անցած 6 ամիսներին գրանցվել են 157 հանցագործության դեպք՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 255 դեպքի դիմաց: Նվազել են նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը 184՝ նախորդ տարվա՝ 212-ի դիմաց»,- ներկայացնելով 2012 թ-ի առաջին կիսամյակի տվյալները՝ ասաց անչափահասների գործերով բաժնի պետը:
Ըստ Նելլի Դուրյանի՝ հանցագործությունների մեջ գերակշռում են գողությունները: «Արձանագրվել է գույքի հափշտակման 90 դեպք՝ (անցած տարվա նույն ժամանակաշրջանի)165-ի դիմաց»,- ասաց նա և ավելացրեց, որ երկրորդ հաճախ հանդիպող հանցագործություններից է մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը 16-ը՝ 2011թ. առաջին կիսամյակի 25-ի փոխարեն:
Ըստ անչափահասների գործերով բաժնի պետի՝ 8-ով նվազել են նաև ծանր մարմնական վնասվածք հասցնելու, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու դեպքերը. ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 4 այսպիսի հանցագործության փոխարեն այս տարի գրանցվել է մեկը։
Ոստիկանության գնդապետն այս ամենին զուգահեռ նկատեց, որ այս 6 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ աճել են անօրինական զենք կրելու դեպքերը:
«Հիմնականում սառը զենք կրելու դեպքեր են հայտնաբերվել, որոնք եղել են 8-ը 1-ի դիմաց »,-ասաց նա և ավելացրեց, որ աճել են նաև բռնության դեպքերը անչափահասների նկատմամբ:
«108 բռնության դեպք է գրանցվել՝ 83-ի դիմաց»,-ասաց նա և նկատեց, որ անցյալ տարի բռնության 83 դեպքից միայն 33-ը սեռական բռնություններն են եղել, իսկ այս տարի բռնության 108 դեպքից սեռական բռնույթի են եղել 43-ը:
Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ներկայում 382 անչափահաս Ոստիկանությունում հաշվառման մեջ է և այս թիվը շարունակաբար նվազում է:
Նելլի Դուրյանը նաև նշեց, որ այս ցուցանիշները նվազել են իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ:
«Միշտ ենք իրականացրել նման աշխատանքներ, սակայն այն մասշտաբով, ինչ-որ սկսեցինք հունվար ամսից, չենք կատարել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ ոստիկանապետի անմիջական ցուցմունքով իրենց տեսուչներն ամեն օր լինում են դպրոցներում:
Այստեղ էլ, ըստ նրա, սակայն խնդիրները քիչ չեն, քանի որ մեկ տեսուչին մայրաքաղաքում բաժին է ընկնում 7-8 դպրոց, իսկ մարզերում, 20 դպրոց:









