ՀՀ ոստիկանապետն ու ՊԵԿ նախագահն այսօր մասնակցել են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների կատարման նոր սպասարկման կետի բացմանը
Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման աշխատանքները առավել բարձր մակարդակով կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեռնարկումների մասնագիտացված մաքսային կետի վարչական տարածքում այսօր` հուլիսի 31-ին, բացվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպասարկման կետի բացմանը ժամանել էին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Նորաբաց սպասարկման կետը քաղաքացիներին հնարավորություն կտա անմիջապես տրանսպորտային միջոցների մաքսազերծումից հետո կատարել «Ներմուծում ազատ շրջանառության համար» և «Ժամանակավոր ներմուծում» (2 ամսից ավելի ժամկետով) մաքսային ռեժիմներով հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում` հաշվառման վկայագրի տեղում հատկացմամբ: Դա տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն կտա առանց ժամանակ կորցնելու, տրանսպորտային միջոցների մաքսազերծման հետ միասին, առանց մաքսային կետի վարչական տարածքից դուրս գալու կատարել նաև տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման բոլոր գործառույթները`ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացմամբ:
Հիշյալ աշխատանքների իրանակացումը թույլ է տալիս թեթևացնել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս տարածքային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և բացառել ներմուծված տրանսպորտային միջոցների առանց համարանիշների շահագործումը հանրապետության ճանապարհներին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









