Հայ դեռահասներին ծնողները թույլ չեն տալիս արագ մեծանալ. հոգեբան
Հայ դեռահասներին ծնողները թույլ չեն տալիս արագ մեծանալ, ինչն էլ բացատրություններից մեկն է, թե ինչու է Հայաստանում դեռահասների շրջանում ինքնասպանությունների տոկոսը ցածր: Այս մասին այսօր կայացած «Ինքնասպանություն. Ինչպե՞ս չանցնել սահմանը» թեմայով Մոսկվա- Աստանա- Կիև- Քիշնև- Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, Հոգեբանների ասոցիացիայի նախագահ Հրանտ Ավանեսյանը:
Ռուսաստանն անչափահասների շրջանում ինքնասպանությունների թվով այսօր զբաղեցնում է առաջին հորիզոնականը Եվրոպայում. ամեն տարի ինքնասպանություն է գործում ավելի քան 200 երեխա ու 1.500 դեռահաս: Սակայն Ռուսաստանն ԱՊՀ անդամ միակ երկիրը չէ ինքնասպանությունների նման բարձր ցուցանիշով: Ղազախստանում 100.000 բնակչին տարեկան բաժին է ընկնում 30 ինքնասպանություն, Ուկրաինայում` 20, Մոլդովայում` 17, իսկ Հայաստանում` 2:
«Եթե խոսենք այն յուրահատկությունների մասին, որոնք գոյություն ունեն մեր երկրում, ապա պետք է նշել ծնողական անսահման խնամքը: Մեր դեռահասներին ծնողները թույլ չեն տալիս արագ մեծանալ: Որպես հոգեբան` կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց Ավանեսյանը` միևնույն ժամանակ նշելով, որ այսօր իրավիճակը փոխվում է, և ծնողներն արդեն չեն կարողանում հսկել, թե ում հետ է շփվում իրենց երեխան:
Ըստ նրա` կարևոր է դեռ վաղ տարիքից երեխայի մոտ կենսականորեն կարևոր գիտելիքներ ձևավորելը` ինքնատիրապետում, ինքնակարգավորում, հաղորդակցվելու կարողություն, ինչպես նաև քննադատական մտածողություն:
«Սա շատ կարևոր է, սա պետք է սովորեցնել»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ առաջին հերթին պատասխանատու է ընտանիքը, որտեղ երեխան պետք է սիրված լինի, զգա ծնողների աջակցությունը:
Իր հերթին, Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի պատմության ընթացքում ինքնասպասնությունների թիվը միշտ ցածր է եղել, սակայն վերջին շրջանում աճ է նկատվում: Նա նշեց, որ ցածր մակարդակը միշտ վկայել է հասարակության ինտեգրման մասին` հարևանների, գործընկերների, ընկերների, բարեկամների աջակցության բարձր մակարդակը:
«Վերջին 2- 3 տավա ընթացքում արձանագրված ինքնասպանությունների թվի աճը խոսում է այն մասին, որ մեր հասարակությունում խնդիրներ կան»,- ասաց նա:
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրենը նշեց, որ Հայաստանում ինքնասպանագիտությունը քիչ զարգացած գիտական ուղղություն է:
«Հավանաբար, մենք պետք է սկսենք բավական լրջորեն դրանով զբաղվել, քանի որ 2009-2010 թվականներին ինքնասպանությունների թիվն աճել է 9%-ով, իսկ 2011թ.-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 30%-ով»,- ասաց Պողոսյանը:
Ինքնասպանությունը, ըստ նրա, ինքն իրենով վտանգավոր երևույթ է, սակայն դրա աճն առավել վտանգավոր է:
«Դա խոսում է հասարակության մեջ գործող պաթոլոգիայի մասին: Պատճառը թաքնված է սոցիալ-տնտեսական իրավիճակում: Պատահական չէ, որ վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանություններ են գործում 30 և բարձր տարիքի մարդիկ, այսինքն` սա մանկական կամ պատանեկան մահացություն չէ»,- ասաց նա:
Ըստ նրա` որպես կանոն իրենց կյանքին վերջ տվողների մեջ մեծ է տղամարդկանց թիվը: «Որքան հասարակությունը սոցիալապես պաշտպանված է, այդքան մարդիկ շատ են շփվում միմյանց հետ, աջակցում միմյանց, և, բնականաբար, ինքնասպանությունները քիչ են իրականացվում»,- նշեց ինստիտուտի տնօրենը:









