4 երեխաների մոր հիշողությունը վերականգնվել է 34 տարի անց (լուսանկարներ)

13:24 • 30.07.12

Հարավաֆրիկյան Հանրապետության 61-ամյա բնակչուհի, 4 երեխաների մայր Սյուզան Արդրոնի հիշողությունը վերականգնվել է 34 տարի անց: Նա 1975թ.-ին իր ամուսնու հետ Մեծ Բրիտանիայից գաղթել էր Յոհանեսբուրգ, որտեղ ենթարկվել էր ավտովթարի, ինչի հետևանքով ամբողջությամբ կորցրել էր հիշողությունը, հայտնում է Life News-ը:


Նրա ամուսինը, իմանալով հիվանդության մասին, լքել էր կնոջն ու 4 մանկահասակ աղջիկների հետ տեղափոխվել այլ երկիր:

«Ավտովթարից հետո, վերականգնողական շրջանում ես չէի էլ հիշում, որ 4 դուստր ունեմ: Ես բառացիորեն նոր կյանք սկսեցի` ոչինչ չիմանալով իմ անցյալի մասին»,- խոստովանել է կինը:

 

Իրավիճակն ավելի է բարդացրել այն, որ կինը չի հիշել նույնիսկ իր անունը: Եվ քանի որ նա չի ունեցել ոչ մի բարեկամ, ով կհաստատեր իր ինքնությունը, նա ստացել է Քեթի անվամբ նոր փաստաթղթեր:

 

Սպասուհի աշխատող կնոջը վերջերս ևս մեկ դժբախտություն է պատահել. բժիշկները նրա մոտ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել: Չունենալով բավարար միջոցներ վիրահատության համար` նա նյութական օգնության խնդրանքով հաղորդագրություն է տեղադրել Facebook սոցիալական ցանցում:

«Մենք ուղղակի չէինք կարողանում հավատալ, որ 34 տարի անց համացանցում կտեսնենք Սյուզանի նկարը: Բոլոր այս տարիների ընթացքում մենք փորձում էինք գտնել նրան: Իսկ մի քանի տարի առաջ մեզ ասացին, որ նա մահացել է վթարի հետևանքով»,- խոստովանել է քույրը:


Երբ նրանք սոցցանցի միջոցով կապվել են Արդրոնի հետ ու պատմել ողջ եղելությունը, կնոջ հիշողությունը հանկարծ վերականգնվել է:

«Ես չեմ կարող բառերով փոխանցել այն, թե ինչպես եմ զղջում կյանքիս կեսը կորցնելու համար: Սակայն հիմա ես ամենաերջանիկ կինն եմ, քանի որ գտել եմ իմ հարազատներին ու դստրերիս»,- ասել է նա:


Իսկ արդյոք կինը գտել է դավաճան ամուսնուն, թե ոչ, չի հաղորդվում: