Երևանում կկառուցվի վերգետնյա 7 նոր անցում, կվերանորոգվեն ցայտաղբյուրները

15:19 • 30.07.12

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այսօր շինարարության և բարեկարգման վարչության պետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ ընթացքի մեջ են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները:


Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար:


Վարչության պետը նշել է, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել սառցակալումների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից:


Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ընթանում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները:


Սրան զուգահեռ ընթանում է նաև բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը:
Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել և հանձնվել են բնակիչներին: