Ռուսաստանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին համաձայնագիրը
Ռուսաստանը վավերացրել է Միացյալ Նահանգների հետ այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Փաստաթուղթը ստորագրվել է 2011թ.-ի նոյեմբերի 21-ին, այն ուղղված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքացիների փոխայցելությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, գիտական, հումանիտար կապերի զարգացմանը:
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել են, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա ընդլայնել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությունը:
Ավելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը փաստաթուղթը դիտարկում է որպես կարևորագույն, սակայն առաջին քայլ` երկրների միջև անայցագրային ռեժիմին անցման ճանապարհին:
Պետդուման փաստաթուղթն ընդունել է հուլիսի 6-ին, իսկ Դաշնային խորհուրդն այն հավանության արժանացրել հուլիսի 18-ին:









