Շավարշ Քոչարյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ

21:32 • 06.11.12

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տարածած՝ մամլո հաղորդագրությունից։


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում, որին մասնակցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը,անդրադարձ է արվել ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացման հարցերին: Կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը` երկուստեք գոհունակություն է հայտնվել նույն օրը Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ալեքսանդր Միխնևիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների արդյունքների կապակցությամբ:


Հանդիպմանը քննարկվել են նաև նոյեմբերի 5-ին կայացած հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև տնտեսական համագործակցության ակտիվացման, տարբեր բնագավառներում փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության և երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: