Վճռաբեկը տարօրինակ արագությամբ վճիռ է կայացրել, ՔՊ-ի շտաբում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են, իրենց թեկնածուն է անցնելու. փաստաբան
Վճռաբեկը տարօրինակ արագությամբ վճիռ է կայացրել, ՔՊ-ի շտաբում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են, իրենց թեկնածուն է անցնելու: Այս մասին ասուլիս ժամանակ հայտնել է Մասիսի համայքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
«Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 13-ին մասնակցելու է Մասիս համայնքի Տիմ ընտրություններին՝ «Կառուցող» դաշինքի առաջին համարն է և բոլորին քաջ հայտնի է, որ վերջինս ընդդիմադիր գործիչ է, և Մասիս համայնքը որպես այդպիսին երկար տարիներ հենց բնութագրվում է որպես ընդդիմադիր հայացքներ կրող համայնք և դրանով պայմանավորված բոլորս գիտենք, որ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ առկա է քրեական գործ, որը արդեն ութ տարուց ավելի ժամանակ է քննվում է, և այս հրատապ ասուլիսը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեկ ստացել ենք ծանուցում Վճռաբեկ դատարանից այն մասին, որ նոյեմբերի 27-ին, այսինքն վաղը հրապարակվելու է այդ գործով վերջնական որոշումը»,- հայտարարել է Պապոյանը:
Փաստաբանը շեշտել է, որ պրակտիկայում գրեթե աննախադեպ է, որ Վճռաբեկ դատարանը նման արագությամբ վճիռ կայացնի, հետևաբար կասկածներ ունեն, որ այս քայլով փորձում են չեզոքացնել Դավիթ Համբարձումյանին ՏԻմ ընտրություններից առաջ, բացի այդ, քանի որ իրենք նաև Մասիս համայքնի բնակիչներ են, և գրեթե ամեն օր լսում են, որ ՔՊ-ի շտաբում խոսում են Դավիթ Համբարձումյանի առաջիկա ազատազրկման մասին:
«Մենք Վճռաբեկ դատարանի այս հրատապությունը, պայմանավորում ենք դեկտեմբերի 13-ի ընտրությունների հետ, մենք ունենք մտահոգություններ, որ Վճռաբեկ դատարանը կայացնելու է այնպիսի դատական ակտ, այնպիսի որոշում, որով ունենան հնարավորություն Դավիթ Համբարձումյանին դեկտեմբերի 13-ի ընտրություններից չեզոքացնելու համար:
Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ էր ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին, և թերևս իմ 10 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել որևէ դեպք, երբ ըստ էության դատական ակտի դատական ստուգման արդյունքում Վճռաբեկ դատարանը այդքան արագ որոշում կայացնի: Բացի այդ, մենք ոչ միայն Դավիթ Համբարձումյանի փաստաբաններն ու ընկերներն ենք, այլև Մասիս համայքնի բնակիչներ, և գրեթե ամեն օր լսում ենք, որ ՔՊ-ի շտաբում խոսում են Դավիթ Համբարձումյանի առաջիկա ազատազրկման մասին, ասում են, որ իրենց թեկնածուն է անցնելու»,- հայտնեց Գայանե Պապոյանը։











