Աստղիկ Ավետիսյանն արժանացել է Eventiada Awards 2026 մրցանակին

11:04 • 26.11.26

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր, գիտությունների դոկտոր, դոցենտ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը հաղթող է ճանաչվել Eventiada Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության անհատական անվանակարգում։

Նոյեմբերի 24-ին Մոսկվայում կայացավ հաղորդակցության ոլորտի Eventiada Awards միջազգային մրցանակաբաշխության հոբելյանական՝ 15-րդ հանդիսավոր արարողությունը։ Աստղիկ Ավետիսյանին մրցանակը շնորհվել է կազմակերպիչների հատուկ որոշմամբ։

2026 թվականին լրանում է Հայկական PR ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակը, Հայկական PR ակադեմիայի և Հայկական PR մրցանակաբաշխության 11 ամյակը։

Աստղիկ Ավետիսյանը դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում։

Նա մասնագիտական գրքերի, մենագրության և գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հանրային կապերը, ռազմավարական հաղորդակցությունը, հեղինակության կառավարումը, նոր մեդիան, մեդիակրթությունը և մեդիասեմիոտիկան։

2011 թվականին հիմնադրված Eventiada Awards-ը համախմբում է հաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, համալսարանների ներկայացուցիչների և անկախ փորձագետների։

2026 թվականին մրցույթին աշխատանքներ էին ներկայացվել ութ երկրից։

Մրցանակաբաշխության հիմնական ուղղություններն են հանրային կապերը, ռազմավարական և կորպորատիվ հաղորդակցությունը, գովազդը, մարքեթինգը, կայուն զարգացումը և սոցիալական պատասխանատվությունը։

Հայկական PR ասոցիացիան Eventiada Awards-ի միջազգային գործընկեր կազմակերպություններից է։