«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարար
«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև: Այս մասին ասել է Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացվող «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում էներգետիկայի նախարարների IV համաժողովում, հայտնում է ԱՊԱ-ն:
«Մեր առաջնորդների քաղաքական կամքի շնորհիվ մեր հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը նպաստում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և մաքուր էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը։ Չինական ընկերությունների հետ ցամաքային արևային և ծովային հողմային էներգետիկայի, էներգիայի կուտակման և էլեկտրական ցանցերի ենթակառուցվածքի ոլորտներում բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումը, China Energy-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումը, վերջերս արևային էլեկտրակայանի շահագործման հանձնելը և էլեկտրական ցանցերի ոլորտում հետազոտության անցկացումը այս քաղաքականության կոնկրետ արդյունքներն են»,- հավելել է նախարարը։










