Բաչո Ախալայան ժամանել է Վրաստանի գլխավոր դատախազություն` հարցաքննության
Վրաստանի գլխավոր դատախազությունում սկսվել է Պատիժների կրման դեպարտամենտի նախկին ղեկավար, նախկին պաշտպանության և ներքին գործերի նախարար Բաչո Աղալայայի հարցաքննությունը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Մինչ գլխավոր դատախազության շենք մտնելը նախկին նախարարը լրագրողներին հայտարարել է, որ «պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որը կապված է նրա գործունեության հետ»:
Հիշեցնենք, որ Վրաստանի պատժի կրման ներկայիս նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայային քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
«Ախալայան պետք է պատասխան տա բանտում 7 դատապարտյալի մահվան համար, ինչը բավարար է նրան ձերբակալելու համար», - ասել էր նախարարը։
«Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո լուրեր էին տարածվում, թե Ախալայա եղբայրները լքել են Վրաստանը, սակայն, երեկ Facebook սոցիալական կայքի իր էջում Բաչո Աղալայայան գրառում էր կատարել, որում նշել էր, որ վերադարձել է և պատրաստ է պատասխանել իր գործունեության հետ կապված բոլոր հարցերին։
Ի դեպ, Բաչո Աղալայան հարցաքննության ներկայացել է առանց դատապաշտպանի։










