ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կիրականացնի Այգեպարի սահմանային դիտարկում
Նոյեմբերի 8-ին հայ - ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի Այգեպար գյուղի մերձակայքում տեղի է ունենալու սահմանային դիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում:
Այդ մասին Tert.am –ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս ասաց, որ դիտարկումը պլանային է:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Մովսես–Այգեպար ճանապարհին զինծառայողների վրա հարձակում էր եղել, որը, համաձայն ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության՝ դիվերսիա էր:
Իսկ դրանից մեկ ամիս անց՝ այս տարվա հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցելության նախօրեին Ադրբեջանը դիվերսիա իրականացրեց Չինարի գյուղի սահմանային հենակետերի վրա: Այս դիվեսիոն գործողության հետևանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ 5 վիրավոր:
Ի պատասխան հարցի, թե հայկական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչների առջև բարձրացրել է հարցը և այդ պատճառո՞վ է դիտարկումը կատարվում սահմանի հատկապես այս հատվածում, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ միշտ էլ մշտադիտարկումների ժամանակ այս հարցը բարձրացվում է:










