Նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, հասարակական պայմանագրերի կնքում. «Սարդարապատի» նոր ձևաչափը

13:47 • 06.11.12

«Սարդարապատ» ազգային-քաղաքական նախաձեռնությունը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ հանդես է գալու նոր՝ «Նախախորհրդարան», նախաձեռնությամբ, որը ոչ այլինչ է, եթե ոչ «Սարդարապատի» կողմից տարվող այլընտրանքային իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ որևէ այլ մանրամասն չհաղորդելով։ Նա միայն տեղեկացրեց, որ նոյեմբերի 8-ին նախաձեռնության անդամներն այս նոր ձևաչափը կներկայացնեն լրագրողներին:

 

Նշենք, որ մոտ 20 օր առաջ, նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում արել էր մի գրառում, որը վերնագրված էր՝ «Ճանապարհային քարտեզ՝ այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության և նոր հանրապետության հիմնադրման»:

 

Ճանապարհային քարտեզի նպատակն է` հասնել Հայաստանում լեգիտիմ և անցնցում իշխանափոխության և համակարգափոխության: Ամբողջ գործընթացը պայմանականորեն բաղկացած է 2 փուլից:


«Առաջինը` լեգիտիմության չհավակնող նախախորհրդարանի կազմավորման ու գործունեության փուլն է, որի առաքելությունն է մասնագիտական և հանրային բաց մասնակցության ձևաչափով մշակել և հաստատել ապագա Հայաստանի պատկերացումը: Երկրորդ փուլում պետք է կազմավորվի ներկայացուցչության ավելի բարձր աստիճան ունեցող Հիմնադիր խորհրդարանը, որը հաստատելու է նոր հանրապետության ռազմավարությունը և մշակելու դրա Սահմանադրության նախագիծը»,- պատկերացնում է նախաձեռնության հիմնադիրը:

 

Սահմանադրության հենքի վրա` Հիմնադիր խորհրդարանը քաղաքացիների հետ կնքելու է հասարակական պայմանագրեր, որոնք նրան կլիազորեն իշխանափոխության և նոր համակարգի ստեղծման գործընթացն սկսելու մանդատով:

 

Հենց հասարակական այս պայմանագրերի կնքումն էլ, ըստ «Սարդարապատի», դառնալու է իշխանափոխության և նոր հանրապետության հիմնադրման գործընթացի հաջողության, լեգիտիմության և անցնցումայնության առանցքը:

 

Սույն նախաձեռնության համար կարևորագույն նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը:
Հռչակվում է՝ «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, և, որպես այդպիսին, բոլոր հայերի՝ ներառյալ արտերկրաբնակ հայության, իրավունքն ու պարտականությունն է ներգրավվել հայրենիքի ներկայի ու ապագայի կերտման գործի մեջ»:
Պետական ներկայացուցչական և գործադիր մարմիններում պաշտոնավարության պայմանը, այս առումով, հայրենաբնակությունն է:


Հիշեցնենք, որ «Սարդարապատը» այլընտրանքային իշխանափոխության նկատառումներով բոյկոտեց ԱԺ մայիսի 6-ի ընտրությունները: Եվ հիմա էլ համարում է, որ 2013թ. նախագահական ընտրությունները ևս տեղի են ունենալու նույն` նախապես որոշված սցենարով: