Վճռորոշ քննարկումից առաջ Հունաստանում 48-ժամյա գործադուլ կսկսվի
Հունաստանի խորհրդարանը պատրաստվում է տնտեսման խիստ միջոցառումների ընդունման թեմայով վճռորոշ քննարկում անցկացնել, որի նախօրեին երկրում բողոքի նոր ալիք է հասունացել։ Երկրի հասարակական և մասնավոր հատվածները 48- ժամյա համընդհանուր գործադուլ կանցկացնեն, հայտնում է BBC News-ը։
Այսօրվանից մեկնարկող գործադուլին կմասնակցեն հասարակական տրանսպորտի աշխատողները, փաստաբանները, տաքսու վարորդները, բժիշկներն ու մեդիա ոլորտի աշխատողները։
Գործադուլը կուղեկցվի բողոքի ակցիաներով, որոնք կանցկացվեն Աթենքի կենտրոնում։ Ցուցարարները պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել տնտեսման խիստ միջոցառումների դեմ, որի նոր փաթեթի հաստատման համար հույն օրենսդիրները քվեարկելու են չորեքշաբթի։
Այդ քվեարկության ելքը վճռորոշ է,քանի որ բացասական արդյունքի դեպքում Հունաստանը չի ստանա ֆինանսական օգնության 3-րդ փաթեթը՝ 31.5 մլրդ եվրո։










