Թոշակը չի բարձրացվում, բայց մի շարք ծրագրեր են բյուջեով ֆինանսավորվում. Հրանտ Բագրատյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհ է, որ թոշակները չեն բարձրացվում, մինչդեռ պետբյուջեով մի շարք ծրագրեր են իրականացվում։ Բացի դրանից՝ Էկոնոմիկայի նախարարությանը 2013-ի տարբեր ծրագրերի համար հատկացվելիք գումարները, ըստ նրա, համոզիչ չեն։
Պատգամավորն այսօր ԱԺ-ում «2013-ի բյուջե» նախագծի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց, թե ով է ստուգում այդ հսկայական գումարները նշված ծրագրերին ուղղելն արդյոք նպատակայի՞ն է, թե՝ ոչ:
«Որտե՞ղ է քննարկվել: Տարօրինակ է, մի գրամ թոշակ չի բարձրացվում, բայց մի խումբ ծրագրեր են ներկայացնում»,- ասաց նա:
Բագրատյանը փոխնախարարից նաև հետաքրքրվեց, թե էներգետիկայի ոլորտի համար նախատեսված բյուջեի 15 մլրդ դրամ հատկացումից գումար նախատեսվո՞ւմ է նոր ատոմակայանի շինարարությունն սկսելու համար:
«Գործ արվելո՞ւ է, այստեղ ֆրազներ են ներկայացված, բայց չկա շինարարություն բառը: Կոնկրետ ասեք, կառավարությունը ե՞րբ է սկսում նոր էներգաբլոկի շինարարությունը և դադարեցնում հնի շահագործումը»,- ասաց նա և նշեց, որ հինն ինքն է շահարկել, և գիտի, որ ռեակտորի մետաղը հոգնում է:
Հաջորդ հարցը վերաբերում էր Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը: «Դրա համար փող տրված է: Այստեղ դրա մասին 17 էջ, որ գրել եք, ինչպես ասենք՝ «13-ին քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ երկաթուղու զարգացմանն ուղղված … և այլն»։ Սա ի՞նչ երկաթուղի է»,- հարցրեց նա:
Այնուհետև պատգամավորը հարցրեց, թե ինչքանո՞վ է հրատապ հյուսիս-հարավ ճանապարհների շինարարությունը: «Ես հասկանում եմ, որ «Ասիական բանկը» փող է տալիս, բայց ինչքանո՞վ է հրատապ հյուսիս-հարավ ճանապարհների վրա 45 մլն ծախսել, մենք ինչ պրոբլեմ ունենք Երևան-Աշտարակ գնալու համար: Իհարկե, վրացական ճանապարհներին զիջում է, բայց գնում էինք էլի»,- ասաց նա:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, պատասխանելով էկոնոմիկայի ծրագրերին վերաբերող հարցերին, ասաց, որ, իհարկե, վերահսկվում են այն ծրագրերը, որոնք ներկայացվել են և որոնք շարունակական են: Ատոմակայանի շինարարության հարցում, ըստ նրա, շինարարության համար գումարներ նախատեսված չեն:
«Իսկ թե ռեակտորն ինչքան կդիմանա, ես պատրաստ չեմ ասել»,-ասաց նա և շարունակեց, որ ինչ վերաբերում է Երևան-Աշտարակ մայրուղու լայնացման ծրագրին, ապա, ըստ փոխնախարարի, այն անել պարտավոր էին, որովհետև ԱԺ-ի կողմի ընդունվել է վարկային ծրագիր:
Բագրատյանն արձագանքեց, որ նման օրենքները օրենքից դուրս են. «Հարցնում ես՝ օրենք, օրենք դու ինչի՞ համար ես, ասում ա՝«չգիտեմ, որովհետև ինձ ընդունել են»»:










