ԱՄՆ-ում ընտրությունների օրը խանութներն ու ռեստորաններն ընտրողներին զեղչեր կառաջարկեն

11:38 • 06.11.12

Ամերիկյան խանութներն ու ռեստորանները որոշել են նպաստել նախագահական ընտրություններում ընտրողների  ակտիվությանը՝ նրանց առաջարկելով հատուկ զեղչեր և անվճար ուտեստներ, հայտնում է РИА Новости-ն։

 

California Tortilla մեքսիկական արագ սննդի ռեստորանների ցանցը բոլոր I voted կպչուն թղթեր ներկայացնողներին («Ես քվեարկել եմ» գրվածքով կպչուն թղթեր տրվում են ընտրատեղամասերում) անվճար կառաջարկի տակո՝ աղացած մսով, պանրով, սոխով, լոբով և կծու սոուսով տաք լոշիկ։

 

Tim Horton's կանադական սրճարանների ցանցն իր ամերիկյան սրճարաններում ցանկացած խմիչք գնողի անվճար փքաբլիթ կառաջարկի։ Սրճարանի աշխատակիցներն ընտրողներին սուրճ, փքաբլիթ և կեքս կհյուրասիրեն մի քանի ընտրատեղամասերում՝ Միչիգանում, Օհայոյում և Նյու Յորքում։


Zipcar  ընկերությունը երեքշաբթի առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան ժամը 9-ը երկու անգամ կիջեցնի մեքենայի 1-ժամյա վարձույթի արժեքը՝ այդ կերպ հեշտացնելով ընտրատեղամասեր գնալը։

 

Macy's հանրախանութների ցանցը 15-20% զեղչ կանի։ Համացանցով գնումներ կատարելու համար զեղչ ստանալ հնարավոր կլինի՝ նշելով Elect («ընտրել») բառը։


Շատ բարեր ընտրությունների օրն ընտրողներին կառաջարկեն անվճար կոկտեյլներ, պիցցերիաները՝ պիցցայի անվճար առաքում, իսկ արագ սննդի կետերը բուրգերներ կհյուրասիրեն։