Կրասնոյարսկի բունկերում «աշխարհի վերջից» թաքնվելու համար աճուրդով տեղեր են վաճառվել

14:25 • 06.11.12

«Աշխարհի վերջի» կապակցությամբ, ինտերնետ աճուրդով 2 օր շարունակ Կրասնոյարսկի (ՌԴ) կենտրոնում գտնվող բունկերում թաքնվելու տեղեր են վաճառվել, հայտնում է Взгляд-ը։

 

«2012թ.-ի դեկտեմբերի 21-ին սպասվում է աշխարհի վերջ։ Սակայն բոլորը չէ, որ կմահանան։ Դուք ունեք ողջ մնալու կամ գոնե ձեր երեխային կյանք նվիրելու փայլուն հնարավորություն»,- ասվում է ինտերնետ աճուրդի կայքում, որտեղ նաև նշվում է, որ տեղ ձեռք բերելու համար անձը պետք է լինի մինչև 60 տարեկան։

 

Տղամարդկանց համար այն արժե 500 000 ռուբլի, կանանց համար՝ 300 000, մինչև 7 տարեկան երեխաների համար՝ 100.000 ռուբլի։

 


Ավելի ուշ «վաճառողը» հայտարարել է, որ դա կատակ է և վերադարձրել գումարները։

 

Գաղափարի հեղինակը հայտնել է, որ 2 օրվա ընթացքում բունկերում տեղ գնելու ցանկություն է հայտնել ավելի քան 100 մարդ։

Նա նաև հայտնել է, որ ակցիան ավելի երկար կտևեր, եթե չխոչընդոտեին իրավապահները։

«Ցավոք, կան մարդիկ, որ հումորից զուրկ են, և թույլ չեն տալիս մեզ ծիծաղել ավելի երկար։ Ոստիկանությունը կատակ չի հասկանում»,- ասել է նա։