Լոռիում համայնքապետը յուրացրել է իր տեղակալի աշխատավարձը. հարուցվել է քրգործ

10:19 • 06.11.12

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք և յուրացում կատարելու դեպքերի առթիվ, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:


ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վարդաբլուրի համայնքապետը, տեղյակ լինելով իր տեղակալի` 2012թ. հունվարից մինչև հուլիսն ընկած հատվածում աշխատանքից բացակայելու մասին, շահադիտական նպատակներով օրենքով սահմանված կարգով չի ձևակերպել այդ հանգամանքը:


Ավելին` կազմել է նրա աշխատանքի մեջ գտնվելու վերաբերյալ կեղծ հաշվեցուցակներ, որոնց հիման վրա կազմված աշխատավարձի ցուցակներում նրա փոխարեն ստորագրելու միջոցով ստացել է վերոհիշյալ ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի գումարները` առանձնապես խոշոր չափերի և հափշտակել:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: