Թուրքիայի դատախազությունը պահանջում է 18 հազար տարի ազատազրկել «Մավի Մարմարան» կանգնեցրած իսրայելական զինվորականներին

22:53 • 06.11.12

Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջում է իսրայելական զինվորականներին, որոնք մասնակցել են 2010թ. մայիսի 31-ին «Խաղաղության տորմիղի» և նասնավորապես «Մավի Մարմարա» նավի գրոհին, հանրագումար հանցանքների համար դատապարտել 18 հազար տարի ազատազրկման, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով Anadolu գործակալությանը:


Anadolu-ի հաղորդմամբ, դատական պրոցեսը սկսվել է այսօր Ստամբուլի քրեական դատարանում:
Լսումները ընթանում են մեղադրյալների բացակայության պայմաններում, որոնք հանդիսանում են Իսրայելի ԶՈՒ գենշտաբի նախկին պետ Գաբի Աշքենազին, ՌԾՈւ հրամանատար Էլիզեր Մարոմը, հետախուզության ղեկավար Ամոս Յադլինը և ՌՕՈւ հետախուզության պետ Ավիշայ Լեվին:


Դատախազությունը նրանցից յուրաքանչյուրի համար նվազագույնը, 9 անգամ ցմահ բանտարկության է պահանջում դատապարտել՝ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելու պայմանով:


Դատական լսումներին հանդես են գալիս վկաներ տարբեր երկրներից, դրանց շարքում ԱՄՆ բանակի պահեստազորի գնդապետ և դիվանագետ Մերի Էնն Ռայթը, ով 2010թ. մայիսի 31-ին եղել է «Չելենջեր -1» նավի վրա, որը «Մավի Մարմարա» նավի հետևից էր ընթանում: Նա նկարագրել է իսրայելական հատուկ ջոկատայիների կատարած բռնությունները, որոնք տարբեր տիպի հատուկ միջոցներ են կիրառել, այդ թվում՝ էլեկտրաշոկային զենքեր, և ուղևորներին գնդակոծել են ներկող գնդակներով:

«Երկու կանանց նրանք դեմքով կոտրված ապակու վրա դրեցին, որից հետո ձեռքերը կապեցին, գլխներին պարկեր հաքցրեցին և տարան», - պատմել է Ռայթը:


Լսումների ժամանակ այլ տուժածներ հայտարարել են, որ «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հատուկ ջոկատայինները հրազենով կրակ են բացել ուղևորների վրա: