Ռոգոզին. Ռուսաստանը Թուրքիայից պահանջում է վերադարձնել սիրիական օդանավից բռնագրավված բեռը

21:59 • 06.11.12

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են բանակցությունները Թուրքիայի հետ Մոսկվա-Դամասկոս սիրիական օդանավից առգրավված բեռի վերադարձի վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


«Բանակցությունները ընթանում են», - ասել է փոխվարչապետը:


Հոկտեմբերի վերջին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտնել էր, որ Թուրքիան դեռ չի կողմնորոշվել օդանավից առգրավված ուղեբեռի վերադարձի ժամկետների վերաբերյալ:


Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ «Սիրիական ավիաուղիների» օդանավում եղել է բեռ, որը «օրինական ռուսական մատակարարը տեղափոխում էր օրինական կերպով օրինական պատվիրատուին»:


Ավելի ուշ պաշտոնական Թուրքիան ընդունեց բեռի օրինականությունը, սակայն շարունակում էր պահանջներ ներկայացնել դրա փաստաթղթային ձևակերպման մասով:


Հոկտեմբերի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն Թուրքիայից հրապարակային հաստատում է սպասում, որ Անկարայում հարկադրաբար իջեցված` Մոսկվայից Դամասկոս մեկնող սիրիական օդանավում որևէ զենք կամ զինամթերք չի եղել: