Սիրիայի ընդդիմությունը թույլ չի տա երկրի տարածքում քրդական պետության ստեղծում. Սեյդա
Սիրիայի տարածքում քրդական պետության ստեղծում հնարավոր չէ, հայտարարել է «Սիրիայի ազգային խորհուրդ» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Աբդելբասըթ Սեյդան։
Նա նշել է, թե Սիրիայի տարածքում քրդական պետություն ստեղծելու գաղափարը պատկանում է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևին՝ «Ժողովրդավարական միասնություն» կուսակցությանը։
Սեյդան ասել է, որ իրենք բազմիցս զգուշացրել են PYD-ին՝ քրդական պետության ստեղծման անհնար լինելու մասին։ «Եթե նրանք շարունակեն քարոզել քրդական պետության ստեղծումը Սիրիայի տարածքում, Սիրիայի ազգային խորհուրդը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել դրա դեմ»,-ասել է սիրիացի ընդդիմադիրը։
Նա դարձյալ միջազգային հանրությունից պահանջել է աջակցել Սիրիայի ազգային խորհրդին, և հայտարարել, որ իրենք շարունակելու են օժանդակություն ցուցաբերել Սիրիայի ազատ բանակին, ով «պաշտպանում է իրենց ընտանիքներին»։










