Տուափսեի ՆԳՆ բաժնի ղեկավարը իր հայազգի տեղակալի հետ է բախվել. ով բժշկական օգնության է դիմել

00:08 • 06.11.12

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Տուափսեի շրջանային բաժնի ղեկավար Միխայիլ Սմիրնովը հեռացված է ծառայողական պարտականությունների կատարումից իր տեղակալի հետ կռվին մասնակցելու կասկածանքի հիման վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


«Անցկացված ստուգման շրջանակներում կդիտարկվի ծառայողական կարգապահության կոպիտ խախտման հարցը, ինչպես նաև արարքի կատարում, որը խաթարում է ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը: Նաև ստուգման արդյունքում որոշում կկայացվի տվյալ ծառայողներին ներքին գործերի համակարգից հեռացնելու վերաբերյալ», - հայտարարել է Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ վարչության մամուլի ծառայության պետ Իգոր Ժելյաբինը:


ИТАР-ТАСС-ի տեղեկություններով, նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Տուափսեի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Միխաիլ Սմիրնովի և նրա հայազգի տեղակալ Տիգրան Բաղդասարյանի միջև: Յուրաքանչյուր կողմից այդ վեճին ևս մի քանի մարդ է մասնակցել:


Արդյունքում կռիվ է բռնկվել, որի հետևանքով Բաղդասարյանը և նրա վարորդը դիմել են բժշկական օգնության: Բացի այդ, հիվանդանոցում բուժման է մնացել ևս մեկ քաղաքացական անձ, ով ևս մարմնական վնասվածքներ է ստացել, քանի որ նրա վրա կրակել են տրավմատիկ ատրճանակից: