Ձերբակալություններ Վրաստանում. կալանքի տակ է առնվել նաև ՆԳ և պաշտպանության նախկին նախարարը
Այս գիշեր ձերբակալվել են Վրաստանի Զինված ուժերի Միացյալ շտաբի նախկին պետ Գեորգի Կալանդաձեն ու 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան, հայտնում է Взгляд-ի թղթակիցը Թբիլիսիից՝ վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաընկերությանը։
Պատճառները դեռ անհայտ են։
Այս գիշեր կալանքի տակ է առնվել Ներքին գործերի և Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան։
Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները ՆԳ նախկին նախարարի կալանքը պայմանավորում են քաղաքական դրդապատճառներով։ Հիշեցնենք, որ Ախալայան երեկ կանչվել էր Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության։
«Դա քաղաքական վրեժ է»,- ասել է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ից պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին։
Ախալայան խորհրդարանական ընտրություններից հետո մեկնել էր արտերկիր և վերադարձել նոյեմբերի 5-ին։ Նրա խոսքով՝ նա եղել է Գերմանիայում և Թուրքիայում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ Պատժի կրման նախարար Սոզար Սուբարին հայտարարել էր, որ «բավարար հիմքեր» ունի ՆԳ նախկին նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
«Նա պետք է պատասխանատվություն կրի բանտում 7 մարդու մահվան համար, ինչը բավական է կալանքի համար»,- ասել էր նա։










