Ջրվեժում բարուրի մեջ անօգնական թողնված 6 օրական երեխան տեղափոխվել է մանկատուն

13:42 • 07.11.12

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19։55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։


Նույն օրը՝ ժամը 21։00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ ժամը 19։30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել:

 

Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. «31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ»: Նշված է եղել նաև, որ «երեխային թողնում է կարիքից դրդված»:

 

Գրության մեջ նշված ամսաթիվը, ամենայն հավանականությամբ եղել է երեխայի ծննդյան ամսաթիվը, այսինք՝ նա եղել է ընդամենը 6 օրական։

 

Ոստիկանության լրատվության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ երեխային արդեն հայտնաբերել և տեղափոխել են մանկատուն։