CNN. Оբաման վերընտրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում
Միացյալ Նահանգների գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման նախագահական ընտրություններում ստացել է 275 պատվիրակի քվեն՝ վերընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն, հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Դա տեղի ունեցավ Ձեր շնորհիվ»,- Twitter-ում գրել է գործող նախագահը։
Մինչ այդ, երևանյան ժամանակով ժամը 07.30-ի դրությամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում էր, որ ձայների նախնական հաշվարկի և exit-polls-ի համաձայն՝ Օբաման առաջատար է «տատանվող» նահանգներից մեծ մասում։
Նյու Հեմփշիրում Օբաման հավաքել է 54% ձայն, Ռոմնին՝ 44%, Կոլորադոյում՝ Օբաման՝ 50%, Ռոմնին՝ 48%, Այովայում՝ 61% -ը 37%-ի դեմ, Օհայոյում 51%-ը 48%-ի դեմ։
Ռոմնին առաջատար է Վիսկոնսինում՝ 51% քվե Օբամայի 48%-ի դեմ, և Վիրջինիայում՝ Ռոմնին ունի 52% քվե, Օբաման՝ 47%։ Իսկ Ֆլորիդայում առաջին տվյալները ցույց են տվել հավասար արդյունք։
Ֆլորիդայի օրենքների համաձայն՝ եթե ձայների վերջնահաշվարկից հետո թեկնածուների միջև տարբերությունը լինի 0,5%-ից քիչ, ապա հաղթողին կորոշի դատարանը, ինչպես դա եղել է 2000-ի ընտրությունների ժամանակ։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով հավաքում է 538 պատվիրակից նվազագույնը 270-ի ձայնը։ Ընտրություններն անցկացվում են «հաղթողը ստանում է ամեն ինչ» համակարգով, երբ թեկնածուն, ով հավաքում է նահանգում ընտրողների մեծամասնության ձայները, ստանում է նաև տվյալ նահանգի պատվիրակների բոլոր քվեները։










