Եկատերինբուրգում մոտ 100 մարմնավաճառի գլուխ սափրած «վարսավիրների բանդան» ազատ է արձակվել
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի ոստիկանությունն ազատ է արձակել թեթևաբարո կանանց վրա հարձակումներին մասնակցած 2 տղամարդու, հայտնում է newsru-ն։
Նրանք բերման էին ենթարկվել՝ մարմնավաճառուհիներին կողոպտելու և նվաստացուցիչ գործողությունների ենթարկելու՝ նրանց գլուխները սափրելու համար։ Վերջին շաբաթների ընթացքում կողոպտիչների գործողություններից տուժել է մոտ 100 կին, սակայն «մարմնավաճառության դեմ պայքարողներին» ենթարկել են միայն վարչական պատասխանատվության և ազատ արձակել։
Հանցագործների զավեշտալի գործողությունների շարժառիթների մասին քննիչները դեռևս չեն խոսում։ Տուժածներից մեկը հայտարարել է, թե հարձակվողը կարող է «բարոյականության համար պայքարող» լինել։ Մյուս մարմնավաճառուհիները կարծում են, որ պատահածը սադրանք է ոստիկանության կողմից։
Հանցագործներին ձերբակալել օգնել է Իզոլդա անունով նրանց վերջին զոհը։ Նրանցից մեկը եկել է կնոջ տուն՝ որպես հաճախորդ։ Վերջինիս կասկածելի է թվացել տղամարդու հեռախոսով խոսելը։ Զինված այցելուն բնակարան է թողել իր հանցակցին, որից հետո նրանք փորձել են խեղդել կնոջը։ Դիմադրության հանդիպելով՝ տղամարդիկ վերցրել են կնոջ և նրա ընկերուհու հեռախոսները, ինչպես նաև կտրել են նրանց մազերի մի մասը։
Իզոլդային հաջողվել է զանգահարել ոստիկանություն։ Հարձակվողներին ձերբակալել են, սակայն տեղի ոստիկանական բաժանմունքում նրանք անցկացրել են միայն մի քանի օր և ազատ արձակվել։
Մեկ ամսվա ընթացքում «վարսավիրները» եղել են մոտավորապես 100 մարմնավաճառուհու տանը, որոնցից գողացել են թանկարժեք զարդեր և սափրել գլուխները։
Աղջիկներն այժմ ստիպված են աշխատել կեղծամներով։ Որոշ մարմնավաճառուհիներ խոստովանում են, որ վախենում են աշխատանքի դուրս գալ։ Մյուսներն էլ հայտարարել են, որ ընդհանրապես դադարել են զբաղվել այդ գործով։










