ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը քննադատել է Ադրբեջանին ռասիզմի համար

12:30 • 07.11.12

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքներին մասնակցել և այսօր ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությւոնից։ Կ. Նազարյանի ելույթը վերաբերել է օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով։


ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, և, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ:


Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման է եղել մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:


Դեսպան Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության և ռասիստական քաղաքականության: Նա ավելացրել է նաև, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը և դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը տարածաշրջանում:


Դեսպան Նազարյանը կոչ է արել ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաև տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: