Ամերիկայի լավագույն օրերը դեռ առջևում են. Օբաման հանդես է եկել հաղթական ճառով (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում 2-րդ անգամ վերընտրված Բարաք Օբաման հանդես է եկել հաղթական ճառով, որում շնորհակալություն է հայտնել քվեարկությանը մասնակցած ամերիկացիներին, հայտնում է Взгляд-ը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ անկախ նրանից, թե ում են նրանք ընտրել։ Մենք բոլորս ամերիկյան մեծ ընտանիք ենք։ Մենք վերելք և անկում ենք ապրում միասին, և հոգու խորքում գիտակցում ենք, որ Ամերիկայի լավագույն օրերը դեռ առջևում են»,- Չիկագոյի իր շտաբ-բնակարանում ասել է Օբաման։
Բացի այդ, նախագահը հավելել է, որ արդեն զրուցել է իր մրցակից Միթ Ռոմնիի հետ և պատրաստակամություն հայտնել համագործակցել նրա հետ այն հարցերում, որտեղ նրանք համակարծիք են։
Օբաման նաև նկատել է, որ իրեն ու Ռոմնիին առավելապես միավորում է սերը դեպի Միացյալ Նահանգները։
«Նախընտրական մրցապայքարը շատ լարված էր այն պատճառով, որ մենք երկուսս էլ շատ ենք սիրում մեր հայրենիքը»,-ասել է հաղթած թեկնածուն։
Նախագահը նաև անդրադարձել է պաշտոնավարման 2-րդ ժամկետի ընթացքում իր առաջնահերթ ծրագրերին, որոնց թվում են բյուջեի պակասորդի նվազեցումը, հարկային խնդրի լուծումը, ներգաղթյալների մասին օրենքում բարեփոխումներ կատարելը, ինչպես նաև արտասահմանյան նավթից ԱՄՆ-ի կախման նվազեցումը։
Վերջում Օբաման սեր է խոստովանել իր կնոջը՝ Միշելին՝ ասելով, որ երբևէ նրան այսքան ուժգին չէր սիրում։










