Հայ փաստաբանը Ցեղասպանության օրինագծի վերաբերյալ դիմել է Ֆրանսիայի Պետական խորհրդին
Մարսելահայ փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը դիմել է Ֆրանսիայի պետական խորհրդին՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչած» որոշումը չեղյալ համարելու պահանջով, տեղեկացնում է Nouvelle d' Armenie ֆրանսալեզու պարբերականը։
Ֆիլիպ Գրիգորյանը պատգամավոր Վալերի Բուայեի հետ միասին եղել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախաձեռնողներից մեկը։
Պետական խորհրդին ներկայացված նրա դիմումը քննարկվելու է այսօր, սակայն տեղեկություններ կան, որ նա պատրաստվում է դիմել նաև Եվրոպայի Միության մարդու իրավունքների դատարան։
Ի դեպ, հենց Ֆիլիպ Գրիգորյանն էր խորհուրդ տվել Վալերի Բուայեին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի փոփոխված տարբերակը ստեղծելիս հիմնվել ԵՄ ընդունած Շրջանակային բանաձևի վրա, որտեղ ասվում է, որ մարդկության դեմ կատարված հանցանքների ժխտողականությունը պատժվում է Եվրոպական Միության տարածքում, և այս օրենքը 2 տարվա ընթացքում պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից:










